Հայաստանը նորից հյուրընկալում է ավստրիացի փորձագետներին՝ բարելավելու կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը

Nov 11, 2023

Ինչպես բազմիցս նշվել է, որ «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդնում» ծրագիրը շատ է կարևորում փորձի փոխանակումը և միշտ պատրաստակամ է հետևելու լավագույնին։ Հենց այդ պատճառով ըստ անհրաժեշտության պարբերաբար հյուրընկալում է դաշտում կայուն և գործող համակարգեր ստեղծած փորձագետների, որոնք իրենց խորհուրդներով ավելի են բարձրացնում ծրագրի անխափան աշխատանքի պոտենցիալը։ Այս անգամ 2023թ․ նոյեմբերի 6-ից մինչև ամսի 10-ը ծրագիրը հյուրընկալեց «Ագրարմարքտ Ավստրիա» գործակալության փորձագետներ Ռուդոլֆ Մոզերին և Ռութ Ֆիշերդերին։ Հնգօրյա այցի ընթացքում տեղի ունեցան հանդիպումներ գյուղատնտեսության քաղաքականություն մշակող պետական գերատեսչությունների պաշտոնյաների հետ։ Խոսվեց ծրագրի ընթացքի, խոչընդոտների և բացերի մասին։ Խորը ուսումնասիրվեց տեղում իրականացվող ստուգումների համակարգը։ Այցը եզրափակեց «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Ավստրիայում և Հայաստանում» խորագրով աշխատաժողովը, որի հիմնական բանախոսներն էին ավստրիացի փորձագետները։ Հայաստանում իրականացվող խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ուսումնասիրությունների հիման վրա նրանք տրամադրեցին խորհրդատվություն, առաջարկեցին կարգավորումներ առկա բացերը լրացնելու համար։ Աշխատաժողովին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչներ և այլ շահառուներ։