ՀՀ վարչապետի այցը Լոռու մարզի Քարաձոր համայնքում գտնվող Հակոբ Կարապետյանի տնտեսություն շատ կարևոր էր նրա կողմից վերջին 30 տարիների ընթացքում մշակված խոշոր եղջերավոր կենդանիների բտման և սպանդի ենթարկման համակարգերը հասկանալու տեսանկյունից։
Հակոբը մոտակա գյուղերից տարվա ընթացքում գնում է տարբեր տարիքի ու քաշի խոշոր եղջերավոր կենդանիներ և խոզեր: Հակոբը նաև ֆերմաներից գնում է խոտ և անասնակեր՝ այդպիսով կարևոր ծառայություններ մատուցելով հարևան համայնքների ֆերմերներին: Այնուհետև նա կենդանիներին որոշ ժամանակ պահում է բտման ֆերմայում, կիրառում է բոլոր անհրաժեշտ անասնաբուժական ծառայությունները և իրականացնում բտում։ Բարձրակարգ ռեստորաններից և սուպերմարկետների ցանցերից պահանջարկի առկայության դեպքում նա սպանդի է ենթարկում ու մսամթերք է մատակարարում վերջիններիս իր կայացած գործընկերային ցանցի միջոցով:
Այս փոխշահավետ հարաբերությունները երաշխավորում են, որ ֆերմերներն ունեն վստահելի գործընկեր իրենց խոշոր եղջերավոր անասուններին և խոզերին անհրաժեշտության դեպքում վաճառելու համար, երբ նրանց կանխիկ գումար է անհրաժեշտ, իսկ սուպերմարկետներն ու ռեստորաններն իրենց հերթին երաշխավորված են բարձրորակ և անվտանգ մսի կայուն մատակարարմամբ:
Այս մոդելի լայն տարածումը Հայաստանում կլուծի կենդանիների համարակալման և հաշվառման էլեկտրոնային տվյալների բազայից ականջապիտակների հեռացման խնդիրը։ Ավելին՝ կբարելավվեն նաև մսի որակն ու սննդամթերքի անվտանգության չափանիշները, ինչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի նպատակն է, որին աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը։
Կարևոր է նաև ընդգծել, որ սպանդանոցների շահագործումն առանց մոտակա բտման տնտեսությունների կլինի անհաջող և ֆինանսապես անկայուն: Նման պայմաններում սպանդանոցների համար դժվար կլինի բավարարել շուկայի պահանջարկը և մատակարարել բարձրորակ ու անվտանգության չափանիշներին համապատասխանող մսամթերք:




