2022 թվականի փետրվարի 16-ին Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը (CARD) և գործընկերները նշեցին Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» (ԿՀՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ ի աջակցություն «Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ազգային ծրագրի, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ին N-954-Լ որոշմամբ և ֆինանսավորվում է պետական բյուջեից։
Միջոցառմանը ներկա էին Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, CARD հիմնադրամի ներկայացուցիչներ և ծրագրի շահառուներ։
Բացման խոսքով հանդես եկան Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը և միջոցառման այլ ներկայացուցիչներ։
Պարոն Կլաուս Կապերը բարձր է գնահատել 2011 թվականից ի վեր Հայաստանի և Ավստրիայի զարգացման գործակալության ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ երկու երկրները կարող են մեծ արդյունքների հասնել փորձի փոխանակման միջոցով։ Կարևորելով ծրագրի իրականացումը, պարոն Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր հանրապետությունում կենդանիների համատարած համարակալում և հաշվառում չի իրականացվել, և համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար։ Կենդանիների ճշգրիտ թվաքանակը և տեղաշարժի հսկողությունը առանցքային են կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման համար, և դա կարելի է ձեռք բերել միայն համարակալման և հաշվառման միջոցով:
ԿՀՀ ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը ներկայացրեց ծրագրով նախատեսված աշխատանքներն ու անելիքները, այդ թվում՝ փորձի փոխանակման այցեր, սեմինարներ միջազգային փորձագետների մասնակցությամբ, խորացված վերապատրաստման դասընթացներ՝ անասնաբույժների, ֆերմերների և պետական պաշտոնյաների համար։
Ծրագիրը կտևի 42 ամիս և կիրականացվի Հայաստանի բոլոր մարզերում։




