ՀՀ-ում ներդրվում է մանր եղջերավոր կենդանիների համարակալման ու հաշվառման համակարգ

Oct 23, 2024

2025թ․ մեկնարկող մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրին ընդառաջ ս․թ․ սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում էին մասնագետներ Ավստրիայի գյուղատնտեսական միավորումից։

Միավորումը զբաղվում է գյուղատնտեսության զարգացմանն ու խրախուսմանն ուղղված ծրագրերի իրականացմամբ Ավստրիայում՝ այդ թվում նաև այծաբուծության և ոչխարաբուծության ոլորտների զարգացմամբ։

Հյուրընկալվել են Ավստրիայի մանր եղջերավոր կենդանիների ասոցացիայի նախագահ Յոզեֆ Ստոքլը և Ավստրիայի Գյուղատնտեսական միավորման ղեկավար Հերման Վիզերը, ովքեր այցի շրջանակներում ներկայացրել են Ավստրիայի այծաբուծության և ոչխարաբուծության համակարգերի փորձը։

Ավստրիացի մասնագետները քննարկել են հետևյալ թեմաները․

  • Ավստրիայի գյուղատնտեսության միավորումը, կառուցվածքը, ծրագրերը և դերը այծաբուծության և ոչխարաբուծության զարգացման գործում,
  • Ավստրիայում այծաբուծության և ոչխարաբուծության զարգացման պատմությունը,
  • Մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը,
  • Այծաբուծության և ոչխարաբուծության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառությունը:

Այցի շրջանակներում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Ավստրիայի այծաբուծության և ոչխարաբուծության համակարգերի ներկայացում» խորագրով աշխատաժողով։

Աշխատաժողովին ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՍԱՏՄ, CARD հիմնադրամի, ՀԱԱՀ-ի, ՀՀ ոչխարաբուծության ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող ֆերմերներ։

Ինչպես նաև փորձագետները հնարավորություն ունեցան այցելել մանր եղջերավոր կենդանիների ֆերմաներ, հանդիպել ֆերմերների և անսնաբույժների հետ։

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակման միջոցառումներն ուղված ՀՀ-ում մանր եղջերավոր կենդանիների համակարգի բարելավմանն ու համարակալման համակարգի ներդրման գործառույթներում։

Փորձագետների այցը կազմակերպվել էր Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ CARD հիմնադրամի միջոցով։