2024 թվականի նոյեմբերի 11–16-ը Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսական աջակցությամբ և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման կայուն համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Ագրամարքտ Ավստրիա» կազմակերպության չորրորդ առաքելությունը դեպի Հայաստան։ Առաքելությանը մասնակցեցին ավստրիացի փորձագետներ պարոն Ռուդոլֆ Մոզերը և տիկին Մարտինա Հյուբերը։
Այցի հիմնական նպատակն էր աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման կայուն համակարգի կատարելագործում հանուն կայուն գյուղատնտեսության» ծրագրին առնչվող օրենսդրական դաշտի ձևավորման գործընթացում։ Այցի շրջանակում փորձագետները հանդիպումներ են ունեցել ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վահե Ղալումյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի և նրա թիմի, ինչպես նաև ոլորտի տեղացի իրավաբանական փորձագետների հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվեց գործող իրավակարգավորման արդյունավետությանը, առկա բացերին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։
Փորձագետները ներկայացրեցին Ավստրիայի լավագույն փորձը, ինչպես նաև տրամադրեցին Եվրոպական միության և Ավստրիայի իրավական մեխանիզմներն ու նախադեպերը կենդանիների համարակալման և հաշվառման, տվյալների կառավարման, ինչպես նաև սպանդանոցային համակարգի կարգավորման ոլորտներում։ Քննարկվեցին նաև սպանդանոցային մորթի համար նախատեսվող հավելավճարների (սուբսիդիաների) ներդրման իրավական և գործնական հիմքերը, որոնք կարող են խթանել ֆերմերների անցումը բակային մորթից դեպի սպանդանոցային մորթ։
Արդյունքում ձևավորվեց ԿՀՀ համակարգի զարգացման համար օրենսդրական դաշտի նախնական մոդել, որը ներառում է ինչպես անհրաժեշտ իրավական հստակեցումներ, այնպես էլ կառավարման և վերահսկողության գործնական մեխանիզմներ։ Նախատեսվում է, որ մշակված առաջարկությունները հիմք կծառայեն ոլորտը կարգավորող օրենսդրության մշակման համար։ Միջազգային փորձի ներգրավումը կնպաստի ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և երկարաժամկետ կայուն զարգացման ապահովմանը։
Այսպիսով, առաքելությունը կարևոր քայլ է ԿՀՀ մասին օրենսդրության ձևավորման, ինչպես նաև սպանդանոցների գործունեության կարգավորման և բարելավման ուղղությամբ։ Փորձագետների այցը կազմակերպվեց ծրագրի շրջանակում։




