Էկոնոմիկայի նախարարության ղեկավար աշխատակիցների կարողությունների զարգացումը՝ ի աջակցություն կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի

Aug 3, 2025

Կենդանիների համարակալման և հաշվառման կայուն համակարգի ներդրման համատեքստում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ, CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման կայուն համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում, կազմակերպեց վերապատրաստման դասընթաց նախարարության ծրագրերի կառավարման ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների համար։

«Թիմերի և մարդկանց առաջնորդում» խորագրով աշխատաժողովը տեղի ունեցավ 2025 թվականի օգոստոսի 1–3-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում։ Դասընթացը կազմակերպվել էր CARD հիմնադրամի կողմից՝ «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի ներգրավմամբ, և նպատակ ուներ զարգացնել նախարարության ղեկավար աշխատակիցների առաջնորդության, կառավարման և թիմային աշխատանքի հմտությունները։

Աշխատաժողովը մեկնարկեց օգոստոսի 2-ին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Գևորգ Պապոյանի ողջույնի խոսքով, ով իր ելույթում ընդգծեց պետական ծառայողների մասնագիտական զարգացման և արդյունավետ առաջնորդության կարողությունների ամրապնդման կարևորությունը։

Դասընթացի բովանդակային մասը անցկացվեց երկու օրվա ընթացքում՝ փորձառու դասընթացավարների մասնակցությամբ։ Օգոստոսի 2-ին Լարա Չոլաքյանը ներկայացրեց առաջնորդության մեջ ինքնագիտակցության, հուզական ինտելեկտի, դիմակայունության և հոգեբանական անվտանգության թեմաները։ Քննարկվեցին առաջնորդի ինքնաճանաչման ազդեցությունը թիմային դինամիկայի վրա, ինչպես նաև այն գործիքներն ու մոտեցումները, որոնք նպաստում են վստահության և համագործակցության վրա հիմնված աշխատանքային միջավայրի ձևավորմանը։

Օգոստոսի 3-ին Յուրի Զաչեկը վարեց դասընթացներ փոփոխությունների կառավարման ժամանակակից մոդելների վերաբերյալ՝ մասնակիցներին տրամադրելով գործնական գիտելիքներ և մեթոդներ պետական կառավարման համակարգում կազմակերպչական փոփոխությունների պլանավորման և արդյունավետ իրականացման համար։ Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։

Վերապատրաստման իրականացումը կարևոր ներդրում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում։ Ակնկալվում է, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն կենդանիների համարակալման և հաշվառման կայուն համակարգի ներդրման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը և ծրագրի երկարաժամկետ նպատակների իրագործմանը։