Ավստրիական զարգացման գործակալության (ADA) կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի նախապատրաստական փուլում հայկական պատվիրակությունները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վահե Ղալումյանի գլխավորությամբ, այցելեցին Ավստրիա և տեղում ծանոթացան խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման, ինչպես նաև սպանդանոցային համակարգի կազմակերպման բազմամյա հաջողված փորձին։
Հատուկ ուշադրություն դարձվեց փոքր և միջին հզորության սպանդանոցների մոդելի զարգացմանը, որը սահմանափակ ռեսուրսների պայմաններում հնարավորություն է տալիս կազմակերպել արդյունավետ և վերահսկելի սպանդի գործընթաց՝ միաժամանակ ապահովելով սննդամթերքի անվտանգության և անասնաբուժասանիտարական պահանջների պահպանումը։ Այս մոդելի կիրառումը հատկապես կարևոր է համայնքներում՝ կենդանիների տեղափոխման անհրաժեշտությունը նվազեցնելու և սպանդի ծառայությունների հասանելիությունն ապահովելու տեսանկյունից։ Նշենք, որ Ավստրիայում գործում են ավելի քան 2,000 փոքր սպանդանոցային կետեր, որոնք համայնքներում ապահովում են կենդանիների սպանդը։
Ավստրիական փորձի ուսումնասիրությունն ու դրա հիման վրա մշակված մասնագիտական առաջարկությունները հիմք հանդիսացան ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի թիվ 106-Ն որոշման ընդունման համար, որով սահմանվեց փոքր հզորության սպանդանոցների ստեղծման և գործունեության իրավական կարգավորման շրջանակը՝ ապահովելով ԿՀՀ համակարգի արդյունավետ և համակարգային ներդրման համար անհրաժեշտ նախադրյալները։
Արդյունքում, CARD հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության շրջանակում ապրիլի 18-ին Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքում տեղի ունեցավ փորձացուցադրական փոքր հզորության սպանդանոցային կետի բացման արարողությունը։ Սպանդանոցը նախատեսված է օրական միջինում 8–10 խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար։
Ագարակաձորում փորձացուցադրական սպանդանոցային կետի ստեղծումը կարևոր քայլ է կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կայացման և դրա գործնական մեխանիզմների ձևավորման ճանապարհին։ Բացման արարողությանը մասնակցեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային գործընկերներ և համայնքի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանը և Վայոց ձորի փոխմարզպետ պարոն Արսեն Խաչատրյանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հիմնական ուղղությունները, սպանդանոցային կետի գործառույթներն ու նշանակությունը, ինչպես նաև կազմակերպվեց շրջայց տարածքում։
Սպանդանոցային համակարգի արդյունավետ գործարկումը կարևոր նշանակություն ունի ԱՆԻՊԱՍՍ համակարգում կենդանու հաշվառումից դուրսգրման գործընթացի պատշաճ իրականացման համար, որը կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի կարևոր բաղադրիչներից է։ Միաժամանակ, փոքր հզորության սպանդանոցների զարգացումը նպաստում է սպանդի գործընթացի վերահսկելիության բարձրացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը և կենդանիների տեղաշարժի ու դրանց հետագծելիության նկատմամբ վերահսկողության բարելավմանը։
Լիահույս ենք, որ Ագարակաձորի փորձը հիմք կհանդիսանա հետագայում Հայաստանում նմանատիպ նախաձեռնությունների իրականացման և ընդլայնման համար՝ նպաստելով ԿՀՀ համակարգի կայացմանը, անասնաբուծության ոլորտի արդիականացմանը, սննդամթերքի անվտանգության բարելավմանը և Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի միջազգային մրցունակության բարձրացմանը։




