Խոզերի համարակալման և հաշվառման ավստրիական փորձի ներկայացումը Հայաստանի պետական մարմիններին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին

Dec 7, 2024

2024 թվականի դեկտեմբերի 2–7-ը Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ և CARD հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շրջանակներում Հայաստան էին ժամանել խոզաբուծության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ՝ «Փիգ Ավստրիա» (Pig Austria) կազմակերպության ղեկավար, խոզաբուծության գենետիկայի և վերարտադրության մասնագետ դոկտոր Պետեր Կնապը և Ավստրիայի խոզաբուծական արտադրողների միության (VLV) նախագահ Յոհան Շլեդերերը։

Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի խոզաբուծության ոլորտի ներկա վիճակը, ներկայացնել խոզերի համարակալման և հաշվառման ավստրիական համակարգը, գնահատել ոլորտի զարգացման հնարավորությունները և փոխանցել Ավստրիայի բազմամյա ու հաջողված փորձը։

Այցի ընթացքում փորձագետները ներկայացրին Ավստրիայի խոզաբուծության զարգացման պատմությունը՝ անդրադառնալով վերջին երեք տասնամյակների ընթացքում իրականացված բարեփոխումներին և ոլորտի զարգացման հիմնական փուլերին։ Նրանք ներկայացրին խոզերի համարակալման և հաշվառման համակարգի կառուցվածքն ու գործառույթները, Ավստրիայի խոզաբուծական արտադրողների միության գործունեությունը, ինչպես նաև պետական աջակցության մեխանիզմների նշանակությունը ոլորտի կայուն զարգացման գործում։ Քննարկվեցին Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության հեռանկարները, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, կենդանիների բարեկեցության ապահովման, խնամքի և տնտեսությունների արդյունավետ կառավարման լավագույն փորձը։

Այցի շրջանակներում փորձագետները, ԿՀՀ ծրագրի թիմի ուղեկցությամբ, հանդիպում ունեցան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Տաթևիկ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի խոզաբուծության ոլորտի ներկա մարտահրավերները, զարգացման հեռանկարները և միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այնուհետև նրանք այցելեցին նաև «ՍմարթԱգրո» ընկերություն, որտեղ տնօրեն Արման Օհանյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը և ոլորտում իրականացվող ծրագրերը։

Փորձագետները այցելեցին նաև Հայաստանի մի շարք խոզաբուծական տնտեսություններ, որտեղ տեղում ուսումնասիրեցին կենդանիների պահվածքի և խնամքի պայմանները, կերակրման եղանակները, կենսաանվտանգության միջոցառումները, տնտեսությունների կառավարման մոտեցումները և արտադրական գործընթացները։ Այցերի արդյունքում նրանք ձևավորեցին համապարփակ պատկերացում Հայաստանի խոզաբուծության ոլորտի մասին և ներկայացրին գործնական, հիմնավորված առաջարկություններ՝ ուղղված արտադրողականության բարձրացմանը, տնտեսությունների կառավարման բարելավմանը և ոլորտի հետագա զարգացմանը։

Դեկտեմբերի 4-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց մասնագիտական աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին Ավստրիայի խոզաբուծության համակարգի կառուցվածքն ու կազմակերպման մոդելը, ոլորտի զարգացման պատմությունը, խոզերի համարակալման և հաշվառման համակարգը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական և արտադրական լուծումները։

Աշխատաժողովին մասնակցում էին Ավստրիական զարգացման գործակալության (ADA), ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, «Անի Պաս» համակարգի և CARD հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆերմերներ և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներ։ Ներկայացումներին հաջորդեց ակտիվ քննարկում և հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները բարձրացրին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացրին առկա խնդիրներն ու քննարկեցին դրանց հնարավոր լուծումները։ Ավստրիացի փորձագետները տրամադրեցին մասնագիտական խորհրդատվություն և գործնական առաջարկություններ, իսկ քննարկումները նպաստեցին փորձի փոխանակմանը և հիմք ստեղծեցին Հայաստանի և Ավստրիայի միջև հետագա մասնագիտական համագործակցության ընդլայնման համար։