Ս/թ մայիսի 2-ին կայացավ աշխատաժողով՝ նվիրված անասնաբուժական համակարգի և ԿՀՀ համակարգի տեղում իրականացվող ստուգումների ներկայացմանը Ավստրիայի օրինակով։
Աշխատաժողովը վարեցին «AgrarMarkt Austria» և «AGES» պետական գործակալությունների փորձագետներ Ուլրիկե Վորբելգը և Ռութ Ֆիշերդերը։
Աշխատաժողովին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ինչպես նաև նշված կառույցների ներկայացուցիչներ։
«Ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի հաջողությամբ իրականացումն, անշուշտ, կնպաստի պարենային անվտանգության ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, նոր շուկաների հասանելիությանն ու անասնաբուժության ոլորտի զարգացմանը». նշել է Տաթևիկ Սարգսյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը CARD հիմնադրամի միջոցով։




