AMA փորձագետների աջակցությունը Հայաստանում ԿՀՀ ծրագրի առաջընթացին

May 10, 2024

ՀՀ-ում «Կենդանիների համարակալման և  հաշվառման» (ԿՀՀ) ծրագրին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում  Ագրարմարկտ Ավստրիա (AMA) պետական գործակալությունը՝ իր փորձագետների միջոցով։ Այս փորձագետները տրամադրում են կարողությունների բարելավման և խորհրդատվության  ծառայություններ՝ ապահովելու ծրագրի արդյունավետությունն ու կայունությունը: Այս երկուստեք համագործակցության  շրջանակներում ներառված է տեխնիկական աջակցություն, կարողությունների բարելավում և ռազմավարական ուղղորդում: Փորձագետների ընդգրկվածությունն այս համակարգում կարևոր դեր է խաղում ծրագրի առջև ծառացած խնդիրների վեր հանման, քննարկման և լուծման մեխանիզմների մշակման գործում։

Ս/թ ապրիլի  29-ից մայիսի 3-ը ՀՀ-ում էին  «AMA» և «AGES» պետական գործակալությունների փորձագետներ Ուլրիկե Վորբերգը և Ռութ Ֆիշերեդերը։ Նրանց այցի նպատակն էր գնահատել ՀՀ-ում անասնաբուժության համակարգի ընթացիկ վիճակը, բացահայտել անասնաբուժության համակարգում առկա բացթողումներն ու մարտահրավերները, ինչպես նաև գնահատել ՀՀ-ում սպանդանոցների համակարգի ընթացիկ վիճակը։

Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղանտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և CARD հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Նրանք հանդիպումներ են ունեցել նաև  մասնավոր և պետական ծառայություններ մատուցող անասնաբույժների, ինչպես նաև շրջանային անասնաբույժ համաճարակաբան մասնագետների, անասնատերերի և ԱՆԻՊԱՍ համակարգի ճարտարապետի հետ։ Փորձագետները իրականացրել են նաև տեղում ԿՀՀ համակարգի ստուգումներ և մոնիտորինգ։

Մայիսի 2-ին կայացավ աշխատաժողով՝ նվիրված անասնաբուժական համակարգի և ԿՀՀ համակարգի տեղում իրականացվող ստուգումների վերաբերյալ Ավստրիայի օրինակով։

Աշխատաժողովին ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը, ինչպես նաև նշված կառույցների ներկայացուցիչներ։

Այցը կազմակերպվել էր ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA)` CARD հիմնադրամի միջոցով։